Կինոյի ոլորտում սպասվող ռեֆորմները միտված են ոլորտի առողջացմանն ու զարգացմանը

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը, մարտի 6-ին կայացած ասուլիսում, լրագրողներին ներկայացրեցին առաջիկայում կինոյի ոլորտում սպասվող ռեֆորմները։ Արմեն Ամիրյանը նշեց, որ կինոոլորտում նախատեսվող ռեֆորմները ուղղված են ոլորտի առողջացմանն ու զարգացմանը։

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը հայտարարեց, որ կինոկենտրոնն այսուհետև արտադրություն չի իրականացնելու․ արտադրությամբ զբաղվելու են կինոարտադրող ընկերությունները։ Տնօրենն անդրադառնալով ֆիլմերի ֆինանսավորման ընտրության նոր կանոնակարգին, նշեց, որ  կստեղծվի երկու հանձնախումբ՝ տեխնիկական և գեղարվեստական․  տեխնիկական հանձնախումբը ստուգելու է ներկայացված հայտերի ձևաչափը , իրավական կողմը, իսկ գեղարվեստական հանձնախումբը գնահատելու է ֆիլմի գեղարվեստական մասը:

Երկու հանձնախմբերն էլ կլինեն 5 անձից կազմված, ավելին՝ յուրաքանչյուր անվանակարգում՝  գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար կգործեն առանձին հանձնախմբեր: Յուրաքանչյուր հանձնախումբ կընտրի իր նախագահին։ Հայտերը ներկայացվելու են անանուն՝ բաց ու թափանցիկ ընտրություն ապահովելու նպատակով։ Շ․Միրզխանյանը հայտնեց նաև , որ կինոյի համար հատկացված 274 մլն դրամի 30 տոկոսը հատկացվելու է դեբյուտներին, իսկ ամբողջ գումարի (274 մլն) 5 տոկոսը տրվելու նախագծերի զարգացման փուլին։

Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանն էլ ներկայացրեց , թե ինչ սկզբունքով են ընտրվելու նախագծերը։ Այսպես՝ կինոկենտրոն ներկայացված հայտերը նախ կդիտարկի տեխնիկական  խումբը, ապա նաև գեղարվեստական խումբը, որից հետո նախագծերը կգնահտվեն  բալային համակարգով։ Գնահատման արդյունքի հիման վրա կհրավիրեն լսումներ,ինչի արդյունքում էլ կընտրվեն լավագույն նախագծերը: Ընտրված նախագծերը կներկայացնենք մշակույթի նախարարի հաստատմանը։