Կինոկենտրոնում իրականացվում է ֆինանսական աուդիտ, այն կլուծարվի եւ կստեղծվի նոր կառույց

Տարեւերջյան ամփոփիչ ասուլիսի ընթացքում մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրեց, որ կինոյի ոլորտում փորձելու են կառավարման նոր ձևաչափ որդեգրել՝ օգտագործելով դաշտի բոլոր կարող ուժերը․ «Ես կարծում եմ պետք է օգտագործել կինոդաշտում այսօր գործող բոլոր արտադրող ընկերությունների ղեկավարնների ուժերը եւ մենք հիմա փորձում ենք բանակցությունների միջոցով ձեւավորել տնօրենների խորհուրդ, որը ռոտացիոն կարգով կղեկավարի մեկ կինոարտադրության ընկերությունը: Անշուշտ կլինի մեկ գլխավոր տնօրեն, որը կինոյից չէ, նա լինելու է ֆինանսիստ տնտեսագետ, ով հետեւելու է կառույցի ճշգրիտ աշխատանքին եւ կինոարտադրության գլխավոր մարդիկ՝ գլխավոր մենեջերները ռոտացիոն կարգով կղեկավարեն եւ կհամակարգեն մեր կինոարտադրությունը»,- ասաց նախարարն ու նշեց, որ նոր կառույցը ստեղծվելու է կինոկենտրոնի բազայի հիման վրա, իսկ դա նշանակում է, որ կինոկենտրոնը լուծարվելու է եւ լինելու է նոր կառույց։ Թե ո՞րն է այն լուծարելու պատճառը, դժգոհություննե՞ր է ունեցել, անարդյունավե՞տ է եղել կինոկենտրոնի աշխատանքը, նախարարը պատասխանեց, որ հարցը դժգոհությունների մեջ չէ, ոչ էլ անարդյունավետության․ «Յուրաքանչյուր գործիքին, կառույցին պետք է նայել ու գնահատական տալ իր ժամանակի մեջ եւ իր ժամանակի մեջ կինոկենտրոնը կարեւորագույն դերակատարություն է ունեցել, բայց եկել են նոր ժամանակներ, պետք է նորովի նայել ամեն բանին։ Փորձում ենք այն փոխել՝ ստեղծելով նոր մեխանիզմներ»։      Մեր այն հարցին, որ կինոկենտրոնի լուծարման դեպքում խոսում են նաեւ ֆինանսական չարաշահումների մասին, որն էլ պատճառ է հանդիսացել նման որոշման համար, նախարարը նշեց, որ քանի դեռ ֆինանսական աուդիտը շարունակում է ուսումնասիրությունները, այն ավարտվելուց հետո նոր միայն կարելի է բարձրաձայնել նման փաստերի մասին․ «Մենք պարզապես մտածում ենք, որ կառավարման մոդելի փոփոխությունը նոր շնչառություն է տալու կինոյի արտադրությանը Հայաստանում եւ այն պատկերացումները, որ ունենք կինոյի զարգացման հետ կապված, ներկայիս եղած մոդելը պարզապես չի կարող բավարար լինել, պետք է կառավարման նոր մոդել ինտեգրել», -նշեց նա, նկատելով, որ աուդիտներ սպասվում են բոլոր մշակութային ՊՈԱԿ-ներում։ Թե ինչ ծրագրեր են նախանշված 2017թ-ին կինոյի ոլորտում, ապա միայն վերոնշյալ կառույցը ստեղծելուց հետո հնարավոր կլինի ներկայացնել դրանք։ Հայկական կինոարտադրությանը զուգահեռ, նախատեսված է ներգրավել նաև արտասահմանյան կինոընկերություններին: Այս հարաբերություններին, ըստ նախարարի, մեծապես նպաստելու է «Կինոյի մասին» օրենքի ընդունումը։ Նախագիծն արդեն ԱԺ-ում է, համաձայն որի արտասահմանյան ներդրողները ազատվելու են 20 տոկոս ավելացված արժեքի հարկից․ «Սա կարծում եմ կնպաստի նրան, որ մենք կարողանանք դեպի Հայաստան ներգրավվել արտասահմանյան կինոարտադրողների։ Կինոյի բնագավառում մենք արդեն ունենք մասնավոր հատված եւ պետություն համագործակցություն, մասնավորապես վերջերս բացված ՍԻՆԵՄԱ կինոկենտրոնը, որի աջակիցներից մեկն է նաեւ մշակույթի նախարարությունը»։ Ինչ վերաբերում է Հայֆիլմին, ապա այն այսօր մասնավորեցման ծրագրի մեջ է եւ գտնվում է գույքի կառավարման վարչությունում․ «Մենք մշակում ենք մի ծրագիր, մասնավորապես ներդրումային ծրագիր՝ հաշվելու համար, թե ինչ կարժենա, գոնե նկարահանման սրահների մասնաշենքը նորոգելը։ Չեմ կարող հիմա բարձրաձայնել թվեր, որովհետեւ դեռ աշխատանքը ընթացքի մեջ է եւ եթե մենք կարողանանք հասկանալ, որ սեփական ներդրումներով կամ մեր գործընկեր կազմակերպությունների ներդրումներով կարող ենք վերականգնել Հայֆիլմը եւ այնտեղ ինտեգրել կինոարտադրությամբ զբաղվող բոլոր ընկերություններին, այդ թվում պետական կառույցներին եւ ստեղծենք կինոմիջավայր, կինոստուդիան փրկելու համար մենք անպայման կգնանք այդ քայլին, բայց առաջին հերթին պետք է հաշվել, ռեալ գնահատել ուժերը, նոր քայլն անել»։

Նյութի հեղինակ՝ Սոնա ԱԴԱՄՅԱՆ

http://hraparak.am