Խնդիր չկա, ոչ մեկս հավերժ չենք. Գևորգ Գևորգյանը դեռ տեղյակ չէ իր ազատման մասին 

Օրերս «Ազատություն TV»-ի կազմակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, անդրադառնալով կինոյի ոլորտում սպասվող փոփոխություններին, ուշագրավ հայտարարություն արեց. «Տարեկան 450 մլն դրամ է տրամադրվում կինոյի ոլորտին, բայց այնպիսի տպավորություն է, որ այդքան գումար ծախսվում է, որ լավ ֆիլմեր չունենանք: Ճիշտ է` ունեցել ենք լավ ֆիլմեր, բայց դա այն արդյունքը չէ, որը պետք է լիներ: Այս պահի դրությամբ կինոարտադրության ՊՈԱԿ-ի կառուցվածքային փոփոխություն է նախատեսվում, եւ պետք է ունենանք ժամանակակից մոդել. տնօրենի, ինչպես նաեւ գեղարվեստական կազմի փոփոխություն է լինելու, պետք է գործի տնօրենների խորհուրդ: 2017-ին կինոյի ոլորտում լուրջ առաջխաղացում եմ խոստանում»: Նախարարի խոսքերից կարելի է եզրակացնել, որ ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել: «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց պարոն Գեւորգյանի հետ` պարզելու համար` տեղյակ էր արդյոք վերջինս այս որոշման մասին, թե ինքն էլ է անակնկալի եկել. «Մի քանի օր է` տանը հիվանդ պառկած եմ, դեռ ոչինչ չգիտեմ… Ես կխոսեմ, կարող է՝ մարդը նոր ստրուկտուրա է մշակել… Խնդիր չկա. ոչ մեկս հավերժ չենք: Բայց հիմա ոչ մի մեկնաբանություն տալ չեմ կարող, քանի որ ինքս դեռ տեղեկություններ չունեմ»,- մեզ հետ զրույցում նշեց նա: Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի քարտուղար Ռուզաննա Բագրատունյանն էլ իր հերթին հավաստիացրեց. «Ինչ որ Դուք գիտեք, այն էլ ես գիտեմ…,- ապա հավելեց,- ի դեպ, ասեմ, որ պարոն Գեւորգյանն այժմ 40 աստիճան տաքությամբ պառկած է…»: Նրա խոսքով` ավելի վաղ Գեւորգ Գեւորգյանը գործնական հանդիպումներ է ունեցել նախարարի հետ, նրանք միասին որոշ ծրագրեր են քննարկել, բայց փոփոխության մասին կոնկրետ ինքը տեղյակ չի եղել: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ կինոռեժիսոր Արամ Շահբազյանի հետ: Նա մասնավորապես անդրադարձավ գեղարվեստական կազմի սպասվելիք փոփոխությանը` առաջարկելով հետեւյալ մոտեցումը. «Կարծում եմ` գեղարվեստական կազմում հայաստանցիներ չպետք է լինեն, այլ հայ կամ այլազգի կինոգործիչներ` աշխարհի տարբեր կետերից: Եթե մշակույթի նախարարությունը փոքր-ինչ աշխատանքներ տանի, կհասնի այն բանին, որ գեղարվեստական կազմում լինեն, օրինակ, տարբեր հայ պրոդյուսերներ ու դիստրիբյուտորներ` աշխարհի տարբեր երկրներից: Նրանք մեծ մասամբ չպետք է ճանաչեն հայաստանցի կինոգործիչներին. այդպիսով` հանձնաժողովը կլինի անկաշառ: Բացի այդ` գեղարվեստական կազմում ընգրկված գործիչները, որոնք հակված չեն քավորության սկզբունքով մոտեցումներ ցուցաբերելուն եւ որոնք հավանություն կտան այս կամ այն ֆիլմին, կարող են հանդիսանալ պոտենցիալ համապրոդյուսերներ»: Ռեժիսորը շեշտեց, որ կինոոլորտում բարեփոխումներ մտցնելու համար էականը ոչ թե կինոկենտրոնի տնօրենի, այլ ընդհանուր համակարգի, աշխատաոճի փոփոխությունն է:

Աննա Բաբաջանյան

http://armlur.am/628513/