Երեք ֆիլմ` մեկ երեկոյի ընթացքում

Այսօր Նարեկացի արվեստի միությունը «”Կինոաշուն” նախագծի շրջանակներում ներկայացնում է երեք հայկական ֆիլմ: Այս մասին Aysor-ին հայտնեց ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:
Ն. Հայրապետյանի տեղեկացմամբ` այսօր 19:00-ին կինոսերները հնարավորություն կունենան դիտելու Ստեփան Գևորգյանցի “Մեծ տոն”, Արտակ Մուրադյանի “Անկախության ծնունդ” և Դավիթ Մաթևոսյանի “Թշնամիներ” ֆիլմերը:
Հիշեցնենք, որ Նարեկացի արվեստի միությունը հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 9-ը Հայաստանի Ազգային կինոկենտրոնի հետ միասին ներկայացնելու է հայկական ֆիլմերի երեկոներ: Ֆիլմերը ցուցադրվելու են յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի օրերին` երեկոյան 19:00-ին:
Տեղեկացնենք, որ ռեժիսոր Ստեփան Գևորգյանցի “Մեծ տոն” ֆիլմը պատմում է Արցախյան պատերազմի մասին, որին կամա, թե ակամա մասնակցություն են ունեցել նաև մանուկները: Այս ֆիլմը պատերազմը ներկայացնում է հենց մանուկների աչքերով:
Ռեժիսոր Արտակ Մուրադյանի “Անկախության ծնունդ” ֆիլմի գլխավոր հերոսը բալետում պարող մի երիտասարդ է: Ֆիլմը պատմում է այն մասին է, թե ինչպես է անկախության ծնունդը` երիտասարդը, հասնում իր երազանքի կատարմանը:
“Թշնամիներ”  ֆիլմում ռեժիսոր Դավիթ Մաթևոսյանը սցենարի հիմք է վերցրել ռուս գրող Վսեվոլոդ Գարշինի համանուն պատմվածքը: Այն պատմում է հակառակորդ բանակներում կռվող երկու զինվորների մասին, ովքեր մահվան ճիրաններում հասկանում են, որ իրականում իրենք թշնամիներ չեն, այլ նույն ճակատագրի տեր մարդիկ, որ պատերազմի ժամանակ ոչ մեկին պետք չեն: Նրանք հասկանում են, որ կարող են իրենց լիարժեք մարդ համարել միայն այն ժամանակ, երբ հիշեն, թե ինչ է իրենից ներկայացնում իրենց սեփական մարդկային էությունը:

aysor.am