Եվրիմաժի հոբելյանական 150-րդ համաժողովը կանցկացվի Երևանում՝ 2018 թ. մարտին

Հայաստանի ազգային  կինոկենտրոնը   (ՀՀ մշակույթի նախարարության ՊՈԱԿ) իրականացնում է կինոարվեստի բնագավառում պետական մշակութային  քաղականությունը, շարունակում է հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում է հայկական կինոարվեստը։ 2017 թվականի կեսերից   բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի ազգային կինոկենտրոնը ընթացիկ տարում աշխատել  է   միջազգային կառույցների հետ նոր համաձայնագրերի ձեռքբերման և համագործակցության շրջանակների ընդլայնման, հայկական կինոարտադրանքը փառատոներում և հայրենի հանդիսատեսին ներկայացնելու ուղղություններով։

Սեպտեմբերին Հայաստան ժամանած Իրանի «Ֆարաբի» կինոհիմնադրամի (այս հիմնադրամը Իրանի ամենամեծ պետական կինոֆոնդն է ) տնօրեն  Ալիռեզա Թաբեշը պաշտոնական հանդիպումներ ունեցավ Մշակույթի նախարարության պատասխանատուների և կինոմասնագիտական շրջանակների հետ։ Այցի շրջանակներում  «Ֆարաբի» կինոհիմնադրամի տնօրեն  Ալիռեզա Թաբեշը  և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ստորագրեցին կինեմատոգրաֆիայի ոլորտում  համագործակցության համաձայնագիրը։ Կինեմատոգրաֆիայի ոլորտում համագործակցության համաձայնագիրն ունի  գործակցության  բազմազան ուղղություններ, այդ թվում՝  կինոարտադրության հատվածում ՝ սկսած սցենարի զարգացումից մինչև հետարտադրական  փուլ,  կրթական ծրագրերի իրականացում երկու երկրներում, հայ-իրանական կինոշուկայի ձևավորում,   ֆիլմերի տարածում, փառատոնային գործակցությունների զարգացում, երկու երկրներում  կինոյի օրերի կազմակերպում և  այլն։

Կինոոլորտի բնագավառում այս համաձայնագիրը  Իրանի հետ  առաջին պաշտոնական փաստաթուղթն է, և այն արդեն սկսել է գործել․ 2018 թ․ ապրիլին  արդեն (նախապես ընտրությանը մասնակցած)  Հայաստանից  1 երիտասարդ ռեժիսոր  կմասնակցի «Ֆաջր»  միջազգային փառատոնի շրջանակներում անցկացվելիք  կինոյի դասընթացներին։  Նույն  տարում  նախատեսվում է նաև հայկական ֆիլմերի ցուցադրություն Իրանում։

Առանձնակի շուքով Երևանում և Ստեփանակերտում կազմակերպվեց  «Եվա» հայ-իրանական համատեղ  առաջին  խաղարկային ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը լայնորեն լուսաբանվեց  հայրենական ԶԼՄ-ների կողմից։ Արձագանքները  դրական էին ու հուսադրող, ինչի արդյունքում էլ   Հայաստանի կողմից «Եվան» ներկայացվեց  ամերիկյան Օսկարի և ընդգրկվեց   «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի ցանկում։ Հայ-իրանական ֆիլմն հաջողությամբ ցուցադրվեց  և  շարունակվում է ցուցադրվել Հայաստանի մարզերում և հեռավոր բնակավայրերում։

Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարահանված  Սերժ Ավեդիքյանի համատեղ արտադրուության ՝   «Նա, ում սպասում էին» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում։ Ֆիլմը նկարահանվել էր հենց այդ գյուղում, ուստի պրեմիերան էլ պատասխանատուները կազմակերպեցին  այնտեղ։

Տարին արդյունավետ է եղել նաև Եվրիմաժի աշխատանքներում։ Հայաստանը այս հզոր կինոկառույցի անդամ է դարձել 2016 թվականի հունվարից։ Իսկ 2017 թվականին արդեն Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել  երկու համատեղ արտադրության կինոնախագծեր․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 հազար եվրո) և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնկցում է «Շարմ» ընկերությունը (20 հազար եվրո):

Եվրիմաժի պատասխանատուների հետ հայաստանյան ներկայցուցիչներ Սուսաննա Հարությունյանի և Վրեժ Քասունու  երկար բանակցությունների արդյունքում  ՝ Եվրիմաժի  հոբելյանական 150-րդ համաժողովը կանցկացվի Երևանում՝ 2018 թ. մարտին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի 2017 թ, նոյեմբերին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ընթացքում տեղի են ունեցել հետաքրքիր ու արդյունավետ հանդիպումներ  ֆրանսիական  հայտնի կինոկառույցների և ընկերությունների պատասխանատուների հետ, այդ թվում՝  CNC-ի, EURASIADOC-ի, –Ֆրանսիական  կինոինստիտուտի, Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի Capitaltv հեռուստատեսային ալիքի, «Կարտիե»   հիմնադրամի,  Fixafilm լեհական  ընկերության, Լիոնի Festival Lumière-ի և այլն։ Այս առումով, հատկապես հիշատակության է արժանի CNC- ի միջազգային հարաբերությունների վարչության երկկողմ հարաբերությունների խորհրդատու  Ժուլիեն Էզանոյի  հետ հանդիպումը։ Վերջինս  պատրաստակամություն է հայտնել  մասնագիտական աջակցություն ցուցաբերելու  Հայաստանի ազգային կինոկենտրոնում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրին, ինչպես նաև  քննարկվել է երկու երկրների միջև համատեղ արտադրության համաձայնագրի ստորագրման հարցը:

Հիշատակության է արժանի նաև Լիոնի քաղաքապետ պարոն Կեպենիկյանի հետ հանդիպումը, ով  մեծապես հետաքրքրված է Հայաստանով և հայկական կինոյի զարգացման հեռանկարներով, և հայտնել է իր պատրաստակամությունը հայ կինոյի բարեփոխումների այս փուլում աջակցելու տարբեր ուղություններով, մասնավորապես,  կրթական,  պրոդյուսերական, համատեղ կինոարտադրության, կինոշուկաների մասնակցության, կինոհիմնադրամների հետ համագործակցության  և այլն։

Ֆրանսիա կատարած այցելության արդյունքներն արդեն կզգացվեն հաջորդ՝  2018 թվականին, Լիոնի Festival Lumière-ի շրջանակներում կկազմակերպվի հայկական ֆիլմերի ցուցադրության ընդարձակ ծրագիր։

Ազգային կինոկենտրոնի տնօրենի Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանվորվածություն է ձեռք բերել նաև Fixafilm լեհական  ընկերության հետ վերականգնելու «Հայկ» կինոստուդիայում նկարահանված Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» 10- րոպեանոց վավերագրական ֆիլմը։ Fixafilm-ը մեծապես հետաքրքրված է հայկական հին ֆիլմերի վերականգնման ծրագրով։   Ընկերությունը ոչ միայն վերականգնում է հին ֆիլմերը , այլև յուրաքանչյուր վերականգնված ֆիլմի համար հրատարակում է գիրք, որտեղ ներկայացվում է ֆիլմի կենսագրությունն ու ստեղծման պատմության մանրամասները։ Ըստ պայամնագրի, Fixafilm-ը հետագայում զբաղվում են նաև իր իսկ վերականգնած ֆիլմերի դիստրիբյուցիայով, ներկայացնում են փառատոներում և այլն։

Իսկ «Կարտիե»  հայտնի ֆրանսիական  հիմնադրամը ցանկություն է հայտնել զբաղվելու  Արտավազդ Փելեշյանի «Տարերք» ֆիլմի նախագծին առնչվող հարցերով։ Եվ ոչ միայն, հիմնադրամի պատասխանատուները  առհասարակ հետաքրքրված են Փելեշյանով, Վարպետի ցանկացած նոր մտահաղացումներով՝ կլինի ֆիլմ,  գիրք , թե՞ մեկ այլ  ծրագիր։

Ընդհանուր առմամբ, հանդիպումներն անցել են ջերմ ու կառուցողական մթնոլորտում  և առաջիկայում թերևս կունենանք շոշափելի արդյունքներ։

Տարվա ընթացքում, ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում , Ազգային կինոկենտրոնը կազմակերպել է   հայկական ֆիլմերի  50-ից  ավելի ցուցադրումներ  մարզերում, այդ թվում՝ նաև Արցախում։ Նույն ծրագրի շրջանակներում , ցուցադրոմներ են տեղի ունեցել նաև Երևանում։ Բացի, այս Կինոկենտրոնը տարվա ընթացքում սերտորեն համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ։ Ֆիլմերի ցուցադրումներ են կազմակերպվում զորամասերում, նաև՝  սահմանպահ բնակավայրերում, հեռավոր մարզերում։

Ազգային կինոկենտրոնը, «Լոֆտ» մշակութային կենտրոնը  և  «Կինոաշխարհ» կայքը նոյեմբերից սկսել են  հայկական ժամանակակից ֆիլմերի ցուցադրությունների ու քննարկումների ծրագիր։ Եռակողմ այս նոր ծրագիրը միտված  է խթանելու  հայկական ժամանակակից կինոյի տարածմանը, ինչպես նաև քննարկումների միջոցով հանրությանը մասնակից դարձնելու կինոպրոցեսներին, իսկ  ֆիլմերի  մասին կարծիքներն ու  քննարկումները հրապարակումների տեսքով տեղ կգտնեն  kinoashkharh.am կայքում։ Ցուցադրումնրը նախատեսված է ամիսը մեկ անգամ։ Առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ նոյեմբերին՝  հանդիսատեսին ներկայացվեց Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր»ֆիլմը։

«Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ» ծրագրին հատկացվող  ֆինանսկան  միջոցների  սահմաններում 2017 թ․«Մոսֆիլմ»  կինոկոնցեռնի հետ ձեռք բերված պայմանվորվածության համաձայն թվայնացվել են Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» և Էդգար Բաղդասարյանի «Սուրբ ծեսերի երկիրը» ֆիլմերը ։

Նոր տարվա և Սուբ ծննդյան տոներին ընդառաջ  Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ  տարեվերջին տեղի ունեցավ մուլտերի և մանկական ֆիլմերի բարեգործական երկու ցուցադրություններ «Ռուբեն  Յոլյանի անվան արյունաբանական  կենտրոնի» և «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական բաժանմունքների երեխաների համար։ Երեխաներին հյուր գնացին ոչ միայն մուլտհերոսները, այլև Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝  նվերներով, երգ ու պարով։ Բարեգործական այս ծրագիրը լինելու է շարունակական։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ, դեկտեմբերի 20-ից  Երևանի  և Գյումրու  կինոթատրոններում սկսվել են  մանկական ֆիլմերի և մուլտերի ամանորյա տոնական ցուցադրումները։