Եվրիմաժի աշխատանքային նիստում կդիտարկվի 54 կինոնախագիծ

Երևանում՝ մարտի 13-17-ը կանցկացվի Եվրիմաժի 150-րդ աշխատանքային նիստը, որին կմասնակցեն կառույցի նախագահ Կատրին Թրոտմանը, գործադիր տնօրեն Ռոբերտո Օլլան և 65- հոգանոց աշխատանքային խումբը: Նիստում կդիտարկվեն և կգնահատվեն 54 կինոնախագծեր, որոնք ներկայացված են կառույցի անդամ 38 պետություններից։ Աշխատանքային նիստում քննարկվելու է մեկ հայկական ֆիլմի  նախագիծ՝ «Սուսերով պարը», որը  նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին։ «Սուսերով պար» ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը  Յուսուպ Ռազիկովն է, ֆիլմի արտադրողը՝ Ռուբեն Դիշդիշյանի «Մարս Մեդիա» կինոընկերությունը, իսկ հայկական կողմից պրոդյուսերը՝ Կարեն Ղազարյանը:

Մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպանը ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նշեց, որ Եվրիմաժի աշխատանքային խորհրդի նիստը Երևանում անցկացնելը հրաշալի հնարավորություն է մեզ համար ինչպես ճանաչողական, այնպես էլ ուսուցողական առումներով։ Նիստի օրերին Եվրիմաժի պատասխանատուների հետ կկայանան մի շարք գործնական հանդիպումներ՝ քննարկելու գործակցության նոր ուղիներ, որոնք շատ կարևոր են կինոբարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի համար։ Փոխնախարարը հայտնեց, որ Եվրիմաժին անդամակցելու համար Հայաստանը տարեկան մուծում է 110 հազար եվրո։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի խոսքերով, Եվրիմաժի 150-րդ նիստի աշխատանքները լիարժեք ու արդյունավետ անցկացնելու համար, նախապատրաստական աշխատանքներն սկսել են դեռևս անցյալ՝ 2017 թվականից։ Նա գտնում է, որ առիթն օգտագործելով, իրենք եվրոպացի գործընկերների համար ճանաչողական մշակութային ծրագիր են պատրաստել։ Տիկին Միրզախանյանը նշեց, որ  Եվրիմաժի 150-րդ աշխատանքային նիստը Հայաստանում անցկացվում է կառույցի հայաստանյան ներկայացուցիչներ Վրեժ Քասունու և Սուսաննա Հարությունյանի համառ ջանքերի ու աշխատանքի արդյունքում:

Ս․Հարությունյանի խոսքերով, Հայաստանի նման փոքր պետության համար, որին անգամ անդամ երկրների շատ ներկայցուցիչներ չեն ճանաչում, լավ հնարավորություն է ներկայցնելու մեր երկիրը, մշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու սովորույթները։

Ինչ վերաբերում է Եվրիմաժին մեր անդամակցությանը, ապա այն շատ կարևոր է․ «Մենք չունեք զարգացած կինոարտադրություն, չունեք շուկա, կինովարձույթ և վերջապես չունենք հնարվորություններ ներկայանլու աշխարհին մեր ստեղծածով»։ Նրա խոսքերով, Եվրիմաժը բացի համատեղ կինոարտադրության ուղղությունից, ունի ճկուն մեխանիզմներ, որոնցով իրականցվում է  կառույցի աջակցությամբ նկարված ֆիլմերի դիստրիբուցիան,  կինոթատրոնների վերազինման ծրագրերը, և վերջապես կինոշուկա ստեղծելու և ֆիլմերը տարածելու լայն հնարվորությունները։

«Եվրիմաժը» համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության հիմնադրամը ստեղծվել է 1988 թվականին։ Հայաստանը Եվրիմաժին է միացել 2016 թվականին: Այսօր կառույցն ունի 38 անդամ պետություն՝ ներառյալ Հայաստանը: Այս կարճ ժամանկահատվածում  գրանցել են շոշափելի արդյունքներ․ 2017թ․ Եվրիմաժից ֆինանսավորում են ստացել  երկու համատեղ արտադրության կինոնախագծեր․ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի հայ-ռուսական համատեղ արտադրության «Սպիտակ» ֆիլմը (250 հազար եվրո) և ռուս-ֆրանս-հայկական «Ֆաբրիկա» նախագիծը, որի ռեժիսորն ու սցենարի հեղինակը Յուրի Բիկովն է: Հայկական կողմից այս ծրագրին մասնակցում է «Շարմ» ընկերությունը (20 հազար եվրո):

Հիմնադրամի տարեկան ընդհանուր բյուջեն 25 միլիոն եվրո է: Յուրաքանչյուր կինոնախագծի հատկացնում է մինչև 500 հազար եվրո: 1988 թ. ի վեր Եվրիմաժն աջակցել է 1726 եվրոպական համարտադրությունների՝ 518 մլն եվրո ընդհանուր գումարով: