Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմը ընդգրկված է մոսկովյան փառատոնի մրցութային ծրագրում

Մոսկվայի միջազգային 40-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկվել է  ռեժիսոր Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմը։ Այս տարի Կարճամետրաժ ֆիլմերի  ծրագրում կմրցեն  կանադական, շվեդական, նորվեգական, ռուսական, բուլղարական, հայկական, ինչպես նաև Ավստրիա-Գերմանիա-Շվեդիա, Պաղեստին-Լիբանան համատեղ արտադրության ֆիլմերը: Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցում է 9 ֆիլմ:

Դիանա Կարդումյանի 18 րոպեանոց «Տոմբեն» պատմություն է ճաշարանում ափսե լվացող կնոջ՝ Կառայի դժգույն ու միօրինակ կյանքի մասին։ Կնոջ կյանքը նման է մոխրագույն օրերի անվերջանալի շարանի՝ հեռու մեծ քաղաքի կանչող լույսերից: Կառան ամեն գիշեր ոտքով, միայնակ վերադառնում է տուն, որպեսզի գումար խնայի ընտանիքի համար: Մի անգամ անսպասելի մի միջադեպ կոտրում է նրա միօրինակ առօրյայի ընթացքը։

Ֆիլմի սցենարի հեղինակներն են  Վահրամ Մարտիրոսյանն ու  Դիանա Կարդումյանը, իսկ բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյանը։ Դերասաններն են՝Նարինե Գրիգորյանը, Տաթև Ղազարյանը, Տաթև Հովակիմյանը, Արմեն Մարգարյանը։ Կինոնկարը արտադրել է «անԷվա Producion» ընկերությունը՝ աջակցությամբ   Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Ապաթեոզ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի։