Բեռլինի կինոշուկայից մինչև օնլայն հանդիպում-քննարկում

2020 թվականի փետրվարին՝ Հայաստանն առաջին անգամ առանձին տաղավարով, մասնակցեց Բեռլինում կայացած Եվրոպական կինոշուկային։ Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները նախատեսել էին վերադարձից հետո կազմակերպել հանդիպում-քննարկում՝ կինոշուկային մասնակցած պրոդյուսերների, ռեժիսորների հետ՝ ամփոփելու, քննարկելու, լսելու կարծիքներ, ինչու չէ նաև խոսելու բացթողումներից և հաջորդ տարվա անելիքներից։
Երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի պատճառով՝ հանդիպում-քննարկումն անցկացվեց օնլայն ձևաչափով։
Օնլայն հարթակում հանդիպմանը ներկա էին 14 մասնակից, այդ թվում՝ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Հայաստանաի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Բեռլինում հայկական տաղավարի պատասխանատու՝ Մելիք Կարապետյանը, շուկային մասնակցած անհատ պրոդյուսերներ, կինոռեժիսորներ, Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը, ինչպես նաև և Երևանում և Բեռլինում աշխատած կինոկենտրոնի աշխատանքային թիմի անդամները։ Բեռլին մեկնած որոշ պրոդյոսերներ և ռեժիսորներ չկարողացան միանալ հանդիպում-քննարկմանը։
Մասնակիցները ողջունեցին հավաքի այս տարբերակը, խոսեցին Բեռլինի եվրոպական կինոշուկայում հայկական տաղավարի ներկայության կարևորության մասին։ Այն, որ այս տարի հայ պրոդյուսերներն ու կինոգործիչները կարողացել են լիարժեք կազմակերպել իրենց հանդիպումներն ու միջոցառումները հենց դրա արդյունքն է (ի տարբերություն նախորդ տարիների)։ Տաղավարի առկայությունը հնարավորություն է ընձեռել մասնակիցներին մեկ վայրում հավաքվել, օգնել միմյանց, խորհուրդ տալ, ծանոթացնել այլ երկրների մասնագետների հետ։ Այս փաստը արձանագրեցին գրեթե բոլորը․ «իրենց իսկ խոսքով ձևավորվել էր networking․․․»։ Քննարկումն անցավ բաց և կառուցողական մթնոլորտում, մասնակիցներից յուրաքնչյուրը խոսեց իրեն հուզող հարցերից և թեմաներից։
Փոխնախարար Արա Խզմալյանը ողջունեց նախաձեռնությունը՝ նշելով, որ այս օրերին նման ձևաչափով աշխատելը խրախուսելի է։ Նա համոզված է, որ բեռլինյան կինոշուկայում հայկական տաղավարի առկայությունը երաշխավորն է հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը ևս ողջունեց մասնակիցներին՝ նշելով , որ Բեռլինում ունեցել է կարևոր հանդիպումներ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։ Այդ հանդիպումներից նա առանձնացրեց Իսրայելի ազգային կինոկենտրոնի պատասխանատուների հետ հանդիպումը, որի արդյունքում արդեն նախապատրաստվում է միջպետական պայմանագրի կնքում՝ համատեղ կինոարտադրության ոլորտում։
Այսուհետև, Հայաստանի ազգային կինոկենտրոնի պատասխանատուները կկազմակերպեն օնլայն-հանդիպում-քննարկումներ տարբեր հարցերի և թեմաների շուրջ, որի մասին նախապես կտեղեկացվի շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին։

Օնլայն հանդիպում-քննարկման տեսանյութը