Ամփոփում ենք եվրիմաժյան արդյունքները

Այս տարի Հայաստանն անդամակցեց Եվրիմաժին: Եվրոպական կինոարտադրությանն ինտեգրվելու այս քայլը ոլորտի մարդիկ ուրախությամբ ընդունեցին՝ հույս ունենալով, որ միջազգային հեղինակավոր այս կառույցը շատ շուտով կընդունի նաև հայկական կինոնախագծեր:

Ընթացիկ տարում մեր երկրից դեռևս որևէ հայտ չի ներկայացվել Եվրիմաժին, թեև 120 հազար եվրո անդամավճարը բարեխղճորեն մուծել ենք: Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչներ Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին մի քանի օր առաջ են վերադարձել Կրակովից, որտեղ դեկտեմբերի 12-16-ը տեղի է ունեցել Եվրիմաժի հերթական հանդիպում-քննարկումը: Ի դեպ, փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել է Եվրիմաժի նոր նախագահ: Նա Ֆրանսիայի ներկայացուցիչ, Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար, Ստրասբուրգի նախկին քաղաքապետ Կատրին Տրոտմանն է: Այս անգամ Եվրիմաժին անդամակցած երկրներից ներկայացվել է 30 կինոնախագիծ: Քննարկումների արդյունքում, մասնագիտական որոշման համաձայն, ընտրվել են 13-ը: Եվրիմաժը 13 հայտերին ընդհանուր առմամբ տրամադրել է 4 միլիոն եվրո: Մինչ այժմ Եվրիմաժի կողմից տրամադրված գումարներից ամենափոքրն այս փուլին հատկացված բյուջեն է. պատճառն այն է, որ ընդունված կինոհայտերի թիվը ևս մեծ չէ:
Թեև այս անգամ էլ Հայաստանի կողմից հայտ չի ներկայացվել, Սուսաննա Հարությունյանը լիահույս է, որ առաջիկա փուլերում մենք կարդարացնենք Եվրիմաժի փորձագետների սպասումները: Ինչո՞ւ սպասումները, որովհետև նրանք իսկապես հետաքրքրված են հայկական նախագծերի մասնակցությամբ ու սպասում են, թե երբ են քննարկման դրվելու մեր կինոհայտերը: Ժամանակ է հարկավոր, որպեսզի մեր ռեժիսորներն ու պրոդյուսերներն ընտելանան եվրոպական չափանիշներին ու կանոններին, պատրաստեն բոլորովին այլ չափորոշիչներով ու պահանջներով փաթեթներ: Նրանք դեռևս հապաղում են ու մեկ տարվա ընթացքում չեն հասցրել Եվրիմաժին ներկայացնելիք հայտ պատրաստել, բայց խորհրդավության համար հաճախ են դիմել Սուսաննա Հարությունյանին ու Վրեժ Քասունուն:
ReAnimania փառատոնի շրջանակում նոյեմբերին Եվրիմաժի փորձագետների մասնակցությամբ մեր երկրում անցկացվեց կլոր սեղան-քննարկում, որին հետևեց խորհրդատվական հանդիպում մեր ռեժիսորների ու պրոդյուսերների հետ: Նրանք հնարավորություն ունեցան 10-20 րոպեի սահմաններում անհատապես զրուցելու փորձագետների հետ և նրանց ուղղելու Եվրիմաժին հայտ ներկայացնելու հետ կապված իրենց հուզող, հետաքրքրող հարցերը: Հանդիպումներից հետո օտարազգի փորձագետները դրական կարծիքներ են հայտնել մեր ռեժիսորների ու պրոդյուսերների ակտիվության, նրանց ներկայացրած կինոնախագծերի մասին: Եվրոպացիները նշել են, որ նախագծերից երկու-երեքը գրեթե պատրաստ են ու մեծ պոտենցիալ ունեն՝ առաջիկայում ներկայացվելու Եվրիմաժին: Կրակովյան հանդիպման ժամանակ նրանք հայաստանյան ներկայացուցիչներին հորդորել են. «Հաղորդեք ձեր ռեժիսորներին ու պրոդյուսերներին, որ չհապաղեն, նախագծեր ներկայացնեն: Մենք սպասում ենք»:
Եվրիմաժին իսկապես հետաքրքիր է հայկական կինոմտածողությունը, հետաքրքիր է՝ մեր փոքրիկ երկիրն ինչ ձեռագրով ու ոճով, ինչ ասելիքով ու աշխարհայացքով կմտնի եվրոպական կինոշուկա ու կինոասպարեզ: Եվրիմաժի սկզբունքներն ու օրենքները նույնն են՝ համատեղ արտադրություն, կինոնախագծերի ֆինանսավորման երաշխիքներ, համարտադրող երկրների կողմից, հեղինակային իրավունքի և իրավական այլ հիմքերի մասին տարբեր փաստաթղթեր, ֆինանսավորման տոկոսային հարաբերությունները հաստատող համաձայնագրեր: Պարզ է, որ նման փաստաթղթեր պատրաստելը հեշտ չէ: Եվրիմաժն ամրագրել է օրենքներ, որոնցից դուրս ոչ մի հայտ չի կարող ընդունվել: Նոյեմբերին կայացած հանդիպման ժամանակ եվրոպացի փորձագետներին հարց է տրվել՝ արդյո՞ք պարտադիր է, որ ֆինանսավորման հայաստանյան բաժինն ապահովվի մեր պետական բյուջեից, թե՞ հնարավոր է նաև մասնավոր հովանավորություն: Նրանք պատասխանել են՝ խնդիր չկա, թող լինի այդպես: Բայց Սուսաննա Հարությունյանն այսհարցի առնչությամբ Եվրիմաժի հայտերի ընդունման ու քննարկման փորձը վկայակոչեց. «Չի եղել մի նախագիծ, որի ֆինանսական աղբյուրը մասնաբաժին չունենա հանրային հիմնադրամներից, այսինքն՝ հայտ ներկայացնող երկրների պետբյուջեից: Պետք է բացառել բոլոր ռիսկային գործոնները: Եթե ըստ կանոնների՝ կինոնախագիծը պետք է ունենա համարտադրող երկրների պետական հովանավորությունն ու երաշխիքները, ապա այդ սկզբունքին պետք է հետևել անվերապահորեն: Վստահ եմ, որ եթե ներկայացվի մի հայտ, որը չունենա պետական աջակցություն, Եվրիմաժի ներկայացուցիչները կհարցնեն՝ իսկ մի՞թե ձեր երկիրը չունի հանրային հիմնադրամ, որ իր չափով կարողանար աջակցել ու այդ աջակցությամբ երաշխիք լինել ներկայացված կինոնախագծի համար: Ուրեմն պետք է զգույշ լինել ու բոլոր առումներով պաշտպանված հայտ ներկայացնել Եվրիմաժին»:
Եվիրիմաժը, համատեղ կինոարտադրությունները խրախուսելուց ու ֆինանսավորելուց բացի, ունի նաև զուգահեռ անցկացվող ծրագրեր, ըստ որոնց՝ աջակցում է դիստրիբյուցիային ու կինոթատրոնների զարգացմանը: Եվրոպական այս կառույցն իր հոգածության տակ է պահում այն կինոթատրոնները, որոնք ցուցադրում են եվրոպական արտադրության կամ Եվրիմաժի կողմից աջակցություն ստացած ֆիլմեր: Եթե կինոթատրոնը տվյալ ժամանակահատվածում ցուցադրված ֆիլմերի ու վաճառված տոմսերի վերաբերյալ անհրաժեշտ հաշվետվություն է ներկայացնում, ապա Եվրիմաժն ամեն մի վաճառած տոմսի մեկ եվրոն վերադարձնում է տվյալ կինոթատրոնին: «Մոսկվա» կինոթատրոնը Եվրիմաժին հայտ է ներկայացրել և ներառվել եվրոպական կինոթատրոնների ցանկում: Եվրոպական ֆիլմերի ցուցադրության հաշվետվություն ներկայացնելուց հետո Եվրիմաժը ֆինանսական աջակցություն կցուցաբերի «Մոսկվա» կինոթատրոնին: Եվրիմաժի հայաստանյան ներկայացուցիչնեը սա համարում են ոչ պակաս ձեռքբերում:
Եվրիմաժին կինոհայտեր ներկայացնելու հաջորդ փուլը 2017 թվականի մարտն է. փաթեթների ընդունման վերջնաժամկետը հունվարի 16-ն է: Եվրիմաժի մեր ներկայացուցիչների սեղանին դեռևս որևէ կինոնախագիծ չի դրվել: Հիշեցնենք, որ Սուսաննա Հարությունյանն ու Վրեժ Քասունին, ըստ կարգի՝ ի պաշտոնե, պետք է փիչինգների ժամանակ պաշտպանեն հայաստանյան նախագծերը: Նույնը պետք է անեն համարտադրող երկրների ներկայացուցիչները: Նրանք քվեարկությանը մասնակցելու իրավունք չեն ունենալու. սա ևս Եվրիմաժի կանոններից է:
Նաիրա Փայտյան
Հ.Գ. Սուսաննա Հարությունյանի ամանորյա մաղթանքն է՝ թող 2017-ին Հայաստանը Եվրիմաժին կինոնախագիծ ներկայացնի:

http://kinoashkharh.am/2016/12/12743