Ազգային կինոկենտրոնը պատրաստվում է թվայնացնել «Պեպո» ֆիլմը

Հարցերը շատ են, պատասխանները՝ քիչ. Ազգային կինոկենտրոնի տնօրենը սպառիչ պատասխան տալու համար ստիպված է պատմությունը սկսել 0-ից: Հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը դադարեցվել է, երբ կինոկենտրոնի տնօրենը պաշտոնն ստանձնելուց հետո նոր կանոնակարգ սահմանեց՝ կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար:

Ազգային կինոկենտրոնի տնօրենը հիշեցնում է նաև 93 միլիոն դրամի պատմությունը, որը կինոկենտրոնը հատկացրել էր Հովհաննես Գալստյանի մեկ այլ ֆիլմին: Շուշանիկ Միրզախանյանը տարբեր անունները ստացած ֆիլմին մեկ անուն է տալիս՝ թողություն, որը չկա:

Գրությունը ֆիլմը չնկարահանելու և գումարի մի մասը այլ ֆիլմի ծախսելու մասին էր:Շուշանիկ Միրզախանյանի մոտ Կինոկենտրոնի վերջին տասնամյակների գործունեության փաստաթղթերի ամբողջական փաթեթն է: Դրանք ուսումնասիրում են իրավապահ մարմինները՝ կոռուպցիոն շղթան բացահայտելու համար:

Շուշանիկ Միրզախանյանի ասուլիսի մյուս մասը նվիրված է Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին: Ազգային կինոկենտրոնի տնօրենը տպավորիչ և ամենահիշարժան պահը համարում է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների ցուցադրությունը: Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի շրջանակում վերականգնվել է ֆիլմի 103 տուփ ժապավենը և դրանք անընդհատ ցուցադրել են Ռոտերդամի սուրբ Արմինիուս եկեղեցու հատակին դրված 24 էկրաններով:

Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շունչը հայկական էր: Մեկնարկը տրվել է հայ դասական և ժամանակակից կինոյին նվիրված «Կինոյի տաճար» ծրագրով:

Շուշանիկ Միրզախանյանը անուններ չի տալիս քաղաքավարությունից դրդված: Ապագա նախագծերի մասին կարող է պատմել երկու լուրով. հայկական ֆիլմերը կշրջեն ամբողջ աշխարհով և այս տարի կթվայնացնեն Բեկնազարովի «Պեպո» ֆիլմը: