Հունիսի 14 2020

2020 թվականին՝ COVID -19-ը համաճարակի պատճառով իրար հետևից չեղարկվեցին և հետաձգվեցին համաշխարհային հայտնի կինոփառատոներ, կինոֆորումներ և բազում այլ կինոստուգատեսներ։

Այդուհանդերձ, հենց այս շրջանում, հայկական կինոն արձանագրեց երկու կարևոր իրադարձություն․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում, հետխորհրդային շրջանում առաջին անգամ ընդգրկվեց հայկական ֆիլմ ՝ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի համատեղ արտադրության (Հայաստան, Բելգիա, Ֆրանսիա) «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը։ Իսկ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» (Gate to Heaven) ֆիլմը՝ ֆրանսիական վաճառքի գործակալ «MPM Premium»-ի միջոցով, Կաննի վիրտուալ կինոշուկայում՝ հունիսին առաջին անգամ, կներկայացվի գնորդներին և փառատոնի ծրագրավորողներին ։

Հարկ է նշել, որ այս երկու ֆիլմերը պետական ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից վերջին երկու տարիներին, ինչն ուրախալի փաստ է, այն առումով, որ նկատվում է պետական աջակցություն ստացած նախագծերի հեռանկարային լինելը։

«MPM Premium»-ը Կաննի վիրտուալ կինոշուկայում իրականացնելու է ֆիլմի երկու ցուցադրություն՝ հունիսի 22-ին և 23-ին։

Նախորդ տարիների օրինակով, այս տարի էլ Կաննի կինոշուկայում ներկա են լինելու կինոարտադրողներ, դիստրիբյուտորներ՝ ամբողջ աշխարհից, միայն թե՝ օնլայն տարբերակով։ Եվ, հետևաբար, ֆիլմերի ցուցադրություններն էլ կազմակերպվելու են առցանց: Կինոնկարի համաշխարհային վաճառքի գործակալ «MPM Premium»-ը, աշխատելու է ֆիլմի առաջխաղացման աշխատանքների ուղղությամբ։ Սա առանձնակի հնարավորություն է ֆիլմերի միջոցով աշխարհին ներկայացնել արցախյան հակամարտության մասին ճշմարտացի տեղեկություններ։

«Դրախտի դարպասը» ֆիլմի հայաստանյան և արցախյան պրեմիերան կայացել է 2019 թ․-ի հոկտեմբերին:

Ֆիլմի մասին. Գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալը (50 տարեկան) 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա յուրացրել նրա՝ մարտի դաշտում արված լուսանկարները...
Ֆիլմի գլխավոր օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմում օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը մարմնավորում է լիտվացի հայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցևասը:

Տեղեկացնենք, որ «Դրախտի դարպասը» Հայաստանի, Լիտվայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրություն է։

 
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը