ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ


1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` Կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակն է կինոարվեստի բնագավառում մշակութային գործունեության իրականացումը:
«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. ապրիլի 17-ի N 417 որոշման համաձայն,
«Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ձեռնարկության (գրանցված Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից` 08.09.1995թ., գրանցման համարը` 271.140.00633, վկայական N01Ա017080) վերակազմավորման ճանապարհով, վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը: «Հայաստանի ազգային կինոկենտրոն»պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը:
Կազմակերպությունը վերանվանված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
2.Կազմակերպության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:
3.Կազմակերպությունը` որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
4.Կազմակերպությունը այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
5.Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք ու դրոշմակնիք, ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ:
6.Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, հաշվարկային հաշիվ բանկերում` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:
7. Կազմակերպությունը իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:
Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների, իսկ կազմակերպությունը` հիմնադրի պարտավորությունների համար:
Հիմնադիրը պատասխանատվություն է կրում մինչև կազմակերպության պետական գրանցումը ծագած` կազմակերպության ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:
8. Կազմակերպության անվանումն է`
– հայերեն լրիվ` «Հայաստանի ազգային կինոկենտրոն” պետական ոչ առևտրային կազմակերպություն, կրճատ` «Կինոկենտրոն» ՊՈԱԿ
-ռուսերեն լրիվ` «Национальный киноцентр Армении» госудатственная некомерческая организация, կրճատ` «Киноцентр» ГНО
– անգլերեն լրիվ` «National Cinema Center of Armenia» Non-commercial State Organization, կրճատ- “Cinema Center» NCSO
9. Կազմակերպության գտնվելու վայրն է` ք.Երևան, Վ. Տերյան 3 ա։

II. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը
10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
ա) կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը.
բ) կինոարվեստի երկերի ստեղծումն ու տարածումը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյապետություններում.
գ) Ազգային կինոարվեստը բարձր մակարդակով ներկայացնելը.
դ) Կինոարտադրության միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելը.
ե) Արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացումը.
զ) ‎‎ազգային կինոնկարների /այդ թվում` մանուկների և պատանիների համար/, ինչպես նաև կինոնկար-դեբյուտների ստեղծումը։
11. Կազմակերպությունն իր գործունեության նպատակներին համապատասխան`
ա) արտադրում է կինոֆիլմեր և տեսաֆիլմեր.
բ) ինքնուրույն է ձևավորում ստեղծագործական և արտադրական անձնակազմը.
գ) անկախ է իր գործունեության գեղարվեստական ստեղծագործական ուղղությունների կինոարվեստի ժանրի ընտրության մեջ. ինքնուրույն է ընդունում որոշումներ` կինոֆիլմերի հրապարակային ցուցադրման, կինոփառատոների և կինոշուկաների մասնակցության և գովազդային նյութերի հրապարակման վերաբերյալ.
դ) ձևավորում է իր տնտեսական զարգացման ծրագիրը, որոշում է իր ծառայությունների և արտադրանքի իրացման կարգն ու գները, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ.
ե) որոշում է իր արտադրած ֆիլմերի օգտագործման ընտրության եղանակը, այդ ֆիլմի հեռուստահեռարձակման, նյութական կրիչներով բազմացման, տարածման, իրաց-ման և կրկնօրինակման թույլտվության իրավունքի փոխանցումը այլ կազմակերպու-թյուններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց` մտավոր սեփականության օբյեկտների և այլ անձանց իրավունքների պահպանման պայմանով.
զ) ինքնուրույն է ծրագրում իր հիմնական գործունեությունը, որոշում գործունեության զարգացման հեռանկարային ծրագրերը` կնքված պայմանագրերին, իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների պահանջներին համապատաս-խան.
է) իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների պահանջարկին համապատասխան` պայմանագրային հիմունքներով ներգրավում է այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց.
ը) օգտագործում է իր ձևաթղթերը, անվանումն ու խորհրդանիշը գովազդի նպատակով, ինչպես նաև թույլատրում է դրանց օգտագործումը այլ իրավաբանական և ֆիզի-կական անձանց կողմից` պայմանագրային հիմունքներով.
թ) ապահովում է կազմակերպությանն ամրացված շենքերի ու շինությունների պահպանությանն ու օգտագործմանն անհրաժեշտ պայմանակարգը / ռեժիմը /, իրականացնում տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության միջոցառումներ.
ժ) իրականացնում է ուսումնամանկավարժական և խորհրդատվական գործունեություն` կինոարտադրողների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով.
ժա) անդամակցում է միջազգային կազմակերպություններին.
ժբ) միջպետական համաձայնագրերին, այլ կազմակերպությունների հետ պայմանագրերին համապատասխան. իրականացնում է համատեղ կինոարտադրություն :
12.Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) այլկազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերով կինոֆիլմերի, տեսաֆիլմերի արտադրում և իրացում.
բ) վճարովի ծառայությունների մատուցում.
գ) հրատարակչական գործ:
Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կազմակերպությունը կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
13. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար: Կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
14. Պետական բյուջեով կազմակերպության համար ուղղակի նախատեսված միջոցների սահմաններում կազմակերպության կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների և ապրանքների գնումն իրականացվում է մեկ աղբյուրից գնումների կատարման ձևով: Կազմակերպության կողմից պետությանը այլ ծառայություններ, աշխատանքներ կարող են մատուցվել կամ ապրանքներ իրացվել միյայն «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով:
Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:

III. Կազմակերպության սեփականությունը
15. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավուն-քով նրան հանձնվող, ինչպես նաև կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված ու ձեռք բերված գույքից:
Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են հանդիսանալ նաև Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական, նպատակային նվիրատվություններն ու հատկացումները:
16. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և /կամ / սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետել,
տնօրնել և օգտագործել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
17. Կազմակերպության սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
18. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
19. Կազմակերպության սեփականության վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով:
20. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատու-թյունը ենթակա է վերստուգման (աուդիտի) լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

IV. Կազմակերպությանն ամրացված գույքը
21. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանը անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:
22. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:
23. Կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
24. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են:
Պետական կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
25. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

V . Կազմակերպության կառավարումը
26. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը:
27. Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորած պետական մարմինը:
28. Լիազորված պետական մարմինը`
ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար.
բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.
գ) կազմակերպության տնօրենի հետ կնքում է պայմանագիր. պայմանագրով սահմանվում են կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ. նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրերի դադարման`
“Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքով և ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
դ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
ե) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում է դրա գործունեության վերստուգման արդյունքները.
ը) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և /կամ/ ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
ժ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանման նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
ժա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.
ժբ) իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
29. Կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին նշանակում և ազատում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմնի ղեկավարը:
30. Կազմակերպության տնօրենին պաշտոնի նշանակելն ու պաշտոնից ազատելը կարգավորվում են «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
31. Կազմակերպության տնօրենը օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, իրավական այլ ակտերի, հիմնադրի կամ նրա կողմից լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
32. Կազմակերպության տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
33. Կազմակերպության տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կազմակերպությանը և /կամ/ պետությանը պատճառված վնասի համար: Նրա լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
34. Կազմակերպության տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում է գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է պարտականությունների բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
ը) սահմանված կարգով լիազորված պետական մարմնին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
թ) հաստատում է ձեռնարկատիրական գործունեության եկամուտների և ծախսերի նախահաշիվը.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) կազմակերպում է կազմակերպությանը անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենքերի նախագծային, շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքներ.
ժբ) փոփոխում է շինությունների կիրառական նշանակությունը, եթե դրանք չեն խոչընդոտում կազմակերպության հիմնական գործունեությանը.
ժգ) որոշում է կայացնում կազմակերպության տրանսպորտային միջոցների օգտագործման վերաբերյալ.
ժդ) ստորագրում է ֆինանսական փաստաթղթեր.
ժե) հաստատում է կազմակերպության ֆինանսաարտադրական գործունեության ծրագիրը.
ժզ) որոշում է կայացնում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը իրավաբանական կամ ֆիզիկական անձանց վարձակալության հանձնելու վերաբերյալ.
ժէ) որոշում է ընդունում կազմակերպության ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ.
ժը) լիազորված պետական մարմնի հաստատմանն է ներկայացնում կազմակերպության կառուցվածքը, աշխատողների թիվը. հաստատում է կազմակերպության ընդհանուր և առանձին կառուցվածքային ստորաբաժանումներիկանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոնները.
ժթ) հաստատում է կազմակերպության գործունեության ծրագիրը.
ի) Որոշում է ընդունում կինոֆիլմերի` միջազգային փառատոններին, կինոշուկաներին մասնակցելու վերաբերյալ.
իա) կնքում և լուծում է կազմակերպության ստեղծագործական անձնակազմի աշխատանքային պայմանագրեր, որոնք ձևակեպվում են տնօրենի հրամաններով.
իբ) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը, անձնակազմի ստեղծագործական և արտադրական գործունեությունը կարգավորող փաստաթղթեր.
իգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ լիազորություններ:
35. Կազմակերպության տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի և լիազորված պետական մարմնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
36. Կազմակերպության տնօրենի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն ` այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
37. Կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, կազմակերպության առանձին ստորաբաժանումների ու աշխատանքային ներքին կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:
38. Կազմակերպությունը, ստեղծագործական ներուժի վերարտադրման նպատակով, կարող է ստեղծել կինոդերասանի ստուդիա և թատրոն:
Կինոդերասանի ստուդիայի և թատրոնի կանոնադրությունը և գործունեության ծրագիրը հաստատում է կազմակերպության տնօրենը` լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
39. Կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման, ստեղծագործական և կազմակերպման աշխատանքների ադրձյունավետ իրականցման նպատակով` տնօրենին առընթեր ստեղծվում է խորհրդակցական մարմին` գեղարվեստական խորհուրդ:
Գեղարվեստական խորհրդն իր գործարույթներն իրականացնում է տնօրենի կողմից հաստատված կանոնակարգի հիման վրա: Գեղարվեստական խորհրդի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են կազմակերպության տնօրենը (նախագահ) և ստեղծագործական, արտադրական անձնակազմի, ինչպես նաև արվեստի, գրականության, հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գեղարվեստական խորհրդի կազմը, լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելով, հաստատում է կազմակերպության տնօրենը:
Գեղարվեստական խորհրդն իր իրավասությունների սահմաններում քննարկում է կազմակերպության գործունեությանն առնչվող հարցեր, կազմակերպության գործունեության տարեկան և ընթացիկ ծրագրերն ու դրանց կատարման հաշվետվությունները:

VI. Կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը
40. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
41. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
42. Կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
43. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
44. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
45. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե:

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

The National Cinema Center of Armenia NCSO, established by the order of the RA government in 2006, is a state non commercial organization and a successor to «Armenfilm » studio named after H. Beknazaryan / 1923/, which operates within the structure of the Ministry of Culture of Armenia.

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83

ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը