“ԱՆՈՒՆՍ ՎԻՈԼԱ Է”

682 Views

“ԻՆՔՆԱԳՈՎԱԶԴԸ ՀՐԱՇՔՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՄ”
Հեղինակ՝ Տաթև Բերբերյան.

“Անունս Վիոլա է” ֆիլմը հանդիսատեսի դատին ներկայացվեց 2013 թվականին: Ռեժիսորն է Ռուբեն Քոչարը: Ինքնագովազդի շնորհիվ մեծ անուն հանած այս ֆիլմը հետաքրքրեց ինձ ու գրավեց: Ես առաջին անգամ դիտեցի այն կինոթատրոնում: Տպավորություններս վառ էին, կարծիքներս՝ հակասական: Ֆիլմը վիճելի էր:
Պատմությունը մի գյուղացի աղջկա մասին է, որը գալիս է քաղաք՝ իր պատկերացրած ազատությունը վայելելու համար: Քաղաքում հանդիպում է այնպիսի երևույթների, ինչպիսիք են՝ համասեռամոլությունը, սեռական պղծվածությունը, հասցնում է անգամ մարդ սպանել, սակայն գլխավոր երևույթը, որին հանդիպում է հերոսուհին, այն է, որ նա կարողանում է կերպարանափոխվել ու դառնալ մեկ ուրիշ մարդ, այսպես ասած՝ մտնել ուրիշի կաշվի մեջ: Աղջիկն անբարոյական է՝ բառիս բոլոր իմաստներով:
Մատուցման պատճառով ֆիլմն ինձ չհամոզեց: Նախ սկսեմ դերասանական խաղից: Գլխավոր դերասանուհու ընտրության հարցում, կարծում եմ, ռեժիսորը սխալվել է. ոչ դերասանական կրթություն ունենալու պատճառով Լուսինե Ալեքսանյանը, նույն ինքը՝ Հայկուհի-Վիոլան, փչացրել է ողջ ֆիլմը: Դերասանը կինոյում ամենակարևոր մարդկացից մեկն է, որովհետև դերասանական խաղը ի վիճակի է լրացնել այն բացերը, որոնք առկա են ֆիլմում: Մյուս դերասանները նույնպես, կարծում եմ, սխալ էին ընտրված:
Ռեժիսորը նկարել է մի ֆիլմ, որը չտալով պատասխաններ՝ առաջացնում է հարցեր: Մի՞թե հասարակ հանդիսականը, որը ֆիլմը դիտում է ոչ մասնագիտական տեսանկյունից, կարող է գոհ մնալ այս տեսակ ֆիլմից: Կարծում եմ, որ ոչ: Ինչպես Ռուբեն Քոչարն է նշել ֆիլմի մասին հարցազրույցներից մեկում, ֆիլմը երիտասարդ աղջիկներին ուղղված մի կարևոր հաղորդագրություն ունի. “Նրանք պետք է ուշադիր լինեն իրենց առաջին սիրո հարցում ու ճիշտ ընտրություն կատարեն, քանի որ խաբվելու դեպքում մարդու կյանքն է կոտրվում… եւ շատ երկար ժամանակով”: Այս հաղորդագրությունը ֆիլմում չի երևում: Ոչ մի հաղորդագրություն էլ, ցավոք, չի երևում: Եվ սա՝ ռեժիսորական սխալ մատուցման պատճառով:
Սցենարական տեսակետից ֆիլմում շատ տեսարաններ և երևույթներ արհեստական են: Եվ սա այն դեպքը չէ, երբ ասում են , թե ռեժիսորը ֆիլմում աստված է և իրավունք ունի ստեղծելու ամեն բան: Ստեղծե՛ք, հարգելիներս, բայց արեք դա համոզիչ կերպով, գոնե արդարացված: Օրինակ՝ ֆիլմում կա բռնաբարության տեսարան: Որքանո՞վ է այն արդարացված: Հանդիսականի մոտ հարց առաջացավ՝ աղջիկը բռնաբարվեց, թե՞ ոչ: Եթե նկարում եք որևէ տեսարան, ապա նկարեք այն այնպես, որ գոնե թե հավատալի լինի, կամ այդ տեսարանը մի նկարեք: Դրա հետ կապված օպերատրական աշխատանքը միապաղաղ էր՝ թվացյալ “առաջադիմական” հնարքները (շարժվող խցիկ) տեսարանը ավելի անհամոզիչ էին դարձնում: Սրան կանդրադառնամ մի փոքր ուշ: Կերպարանափոխման տեսարանում կրկին ունենք նույն պատկերը: Սա կարելի է համարել միստիկա, սակայն ոչ մի միստիկ բան ֆիլմում չկա՝ ո՛չ երաժշտության տեսքով, ո՛չ դերասանական խաղի տեսքով, ո՛չ մատուցման ձևով: Այդ կադրերը այնպես են իրար հաջորդում, կարծես դա բնական, սովորական երևույթ է՝ կերպարանափոխվել մեկ ուրիշի: Անգամ սկզբում անհասկանելի է, թե ինչ է կատարվում:
Ֆիլմը ոչինչ չի տալիս դիտողին: Եթե այն դիտես առանց ռեժիսորի մեկնաբանություններին ծանոթ լինելու, անգամ չես հասկանա, թե ինչի համար ծախսեցիր թանկագին ժամանակդ:
Մի քանի խոսք օպերատրական աշխատանքի մասին: Սրանից իհարկե շատ բան է կախված: Ֆիլմում այն այնքան անորակ է, որ որոշ տեսարաններ հնարավոր չէ անգամ դիտել, որովհետև աչքերդ պարզապես ցավում են: Այնպիսի տպավորություն է , կարծես ողջ ֆիլմը նկարահանված լինի մեկ օրում: Այնպես է նկարված, կարծես սկսնակ ռեժիսորի դեբյուտային աշխատանք լինի: Ինչու ռեժիսորի, այլ ոչ օպերատորի, քանի որ ֆիլմի համար գլխավոր պատասխանատուն հենց ռեժիսորն է:
Բայց, այս ամենի հետ մեկտեղ, ֆիլմում կա մի միտք, որը հնչում է գրեթե վերջում, և այն արժանի է հիշատակման: Աննա դարձած Հայկուհի-Վիոլան մի միտք է արտահայտում, երբ Աննայի ընկերոջ հետ հայտնվում է հյուրանոցում: Ընկերը համոզում է նրան սիրով զբաղվել, և Հայկուհի-Վիոլան հասկանում է մի պարզ ճշմարտություն՝ “Դու ինձ չես զգում”: Տղան ոչ թե սիրում էր Աննային, որովհետև նա Աննան էր և հետաքրքիր մարդ էր,և ուներ նուրբ հոգի և այլն, այլ որովհետև նա Աննան էր,որը շքեղ տեսք ուներ և վերջ: Սա, ըստ իս, հետաքրքիր միտք է: Այլ լուծումների դեպքում միգուցե սա դառնար շատ ավելի լավ ֆիլմ, քան կա:
Այսպիսով, եզրափակելով միտքս, հայտնում եմ իմ նեղ անձնական սուբյեկտիվ կարծիքը՝ ֆիլմն ինձ դուր չեկավ և ես խորհուրդ չէի տա այն դիտել: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ինքնագովազդը հրաշքներ է գործում: