ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում:
Մեր կինոկենտրոնի ծննդյան վկայականը համարվում է Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետը, որն ամիջապես կյանքի կոչելով` հայկական կինոյի հիմնադրումը, կինոարտադրության կազմակերպումը վստահվել է տաղանդավոր ու փորձառու կինոգործիչներին` Դանիել Դզնունուն (արվեստաբան, 1923-37 թվականներին` «Հայկինոյի» տնօրեն, Հայկական ՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր) և Համո Բեկնազարյանին (կինոդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, Հայկական ՍՍՀ ժողովրդական արտիստ):
1923 թվականի աշնանը «Պետկինոն» վերակազմավորվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերության, որը սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա», 1924-ից գործել է որպես կինոլաբորատորիա, 1928-ին անվանվել «Հայկինո», 1938-ին` «Երևանի կինոստուդիա», 1957-ին` «Հայֆիլմ», իսկ Հ. Բեկնազարյանի մահից մեկ տարի անց` 1966 թվականին վերանվանվել է նրա անունով:
1924-ին նկարահանվել է հայկական առաջին վավերագրական ֆիլմը «Խորհրդային Հայաստան» (օպերատորական խմբի ղեկավար Ի. Կրասլավսկի): Այնուհետև, տարեկան արտադրելով 1-5 ֆիլմ, պարբերաբար ժապավենին են հանձնվել երկրի ժողովրդական տնտեսության և մշակույթի նվաճումները, տեղի ունեցած բոլոր իրադարձությունները` քաղաքական նստաշրջանների օրագրեր, հանդիպումներ, հոբելյաններ և այլ իրադարձություններ:
1925-ին նկարահնվել է առաջին խաղարկային համր ֆիլմը` «Նամուսը» /ռեժ. Հ.Բեկնազարյան/:
1926-ին` առաջին կատակերգությունը` «Շոր և Շորշորը» /ռեժ. Հ.Բեկնազարյան/:
1926-ին «Հայկինոն» առաջին անգամ պատկերել է այլազգիների կյանքը` «Զարե» ֆիլմով /ռեժ». Հ.Բեկնազարյան/:
1931-ին նկարահանվել է առաջին քաղաքական, երգիծական խաղարկային ֆիլմը` «Մեքսիկական դիպլոմատները» /ռեժ. Ա. Մարտիրոսյան, Լ. Քալանթար/:
1935-ին ստեղծվել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը` «Պեպոն» /ռեժ. Հ. Բեկնազարյան/:
1938-ին նկարահանվել է առաջին գունավոր մուլտֆիլմը` «Շունն ու կատուն» /ռեժ. Լև Ատամանով/:
1940-ին հիմնադրվել է կինոստուդիայի կրկնօրինակման արտադրամասը և նույն թվին էլ կրկնօրինակվել է առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմը` «Կառավարության անդամը» (1940թ., ռեժ. Ի Հեյֆից և Ա. Զարխի, կրկնօրինակման ռեժ. Լ. Իսահակյան): Գլխավոր դերակատարուհի Վ. Մարեցկայայի դերը կրկնօրինակել   է հայկական թատրոնի մեծանուն արտիստուհի Արուս Ոսկանյանը, մյուս դերերը` Գուրգեն Գաբրիելյանը, Դավիթ Մալյանը և ուրիշ անվանի դերասաններ:
1941-1945թթ. երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարահանվել է ազգային ազատագրական պայքարի թեմայով պատմական «Դավիթ Բեկ» ֆիլմը (1944թ., ռեժ. Հ.Բեկնազարյան), ռազմահայրենասիրական այլ խաղարկային ժապավեններ, երկրորդ աշխարհամարտը փաստագրած շատ ֆիլմեր և Հայաստանի, հայ ժողովրդի անցած դարավոր ուղու մասին պատմող «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմը (1945թ., ռեժ. Լ. Իսահակյան, Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան):
1954-ից կինոստուդիան սկսել է վերականգնել նախապատերազմական տարիների արտադրական ռիթմը և խաղարկային ֆիլմերի թողարկումը:
1960-ականներին «Հայֆիլմը» ունեցել է ստեղծագործական բարձր նվաճումներ, կատարվել են նաև հայկական համր ֆիլմերի վերականգնման ու կրկնօրինակման աշխատանքներ: 20-րդ դարի վերջերին «Հայֆիլմ» կինոստուդիայում տարեկան կրկնօրինակվում էր 42-45 ֆիլմ:
1967-ից մուլտֆիլմերի արտադրությունը դարձել է մշտական:
1978-ից կինոստուդիան տեղափոխվել է նորակառույց շենք, ձեռք բերել արտադրական նոր հնարավորություններ, ընդլայնել ֆիլմարտադրությունը, տարեկան թողարկել 6-7 ֆիլմ, պատվերներ ստանալ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունից, ֆիլմեր նկարահանել «Մոսֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ, 1980-ականներին հասել ստեղծագործական բարձր նվաճումների:
1990-ին «Հայֆիլմի» վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումն առանձնացել է և փաստագրական ֆիլմադարանով հանդերձ` վերակազմակերպվել Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի:
1990-ականներին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների հաստատմամբ` կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական ներդրումները եղել են նվազագույն, որի պատճառով կտրուկ կրճատվել է ֆիլմարտադրության ծավալը:
2000 թվականից ի վեր` աճել է ինչպես կինոարտադրության ծավալը, այնպես էլ ստեղծագործական հաջողությունները:
Ներկայումս «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը որպես կինոարվեստի բնագավառում պետական  մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն, ունի բազմաթիվ գործառույթներ, ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներում ներկայացնում հայկական կինոնկարները: