Ծրագրի մասին

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս» ծրագիր

Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականի հոկտեմբերին։ Այն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության հավանությանը և ստացել պետական աջակցություն։

 

Մինչև 1991 թ. Հայաստանում պլանային տնտեսության պայմաններում կինոարտադրանքի իրացման հիմնախնդիր չի եղել. գոյություն ունեին հաստատություններ (կինոթատրոններ, կինոպրոկատ, կինոցանցեր), որոնք հստակ մշակված մեխանիզմով  Հայֆիլմի արտադրանքը հասցնում էին հանդիսատեսին:  Հայաստանի անկախացումից հետո իրավիճակը տրամագծորեն փոխվեց, կինոյի տարածման խողովակները վերացան: Հարկ էր նոր իրավիճակին համապատասխան քաղաքականություն մշակել, որի ուղղությամբ  դեռևս նշանակալի քայլեր չեն արվել:

Հայ կինոյի խորհրդային շրջանի հետահայաց  ցուցադրության խնդիրն այսօր, թեկուզև տարերայնորեն, ստանձնել են հայկական հեռուստաալիքները, սակայն հայ հանդիսատեսը բավական աղոտ պատկերացում ունի ժամանակակից արտադրանքի մասին: Որոշ փառատոների կամ այլ  միջոցառումների շրջանակներում կազմակերպվող ցուցադրությունները բավարար չեն հայ հանդիսատեսի պահանջմունքները բավարարելու, շուկայում մշտական ներկայություն ապահովելու և  ժամանակակից հայ կինոն մշակութային կյանքի բաղկացուցիչը դարձնելու համար:

Այս իրավիճակում անհրաժեշտ են համալիր` կինոյի տարածման մի քանի ուղղություններ ընդգրկող և շարունակական ծրագրեր, որոնց մտահղացման, մշակման ու իրականացման գործում հիմնական դերակատարը պետք է լինի կինոոլորտում պետական քաղքականություն իրականացնող կառույցը` Հայաստանի ազգային կինոկենտրոնը, քանի որ այս հաստատությանն է վերապահված կինոարվեստի  պահպանման, տարածման ու զարգացման, կինոարվեստի բնագավառում հանդիսատեսի հոգևոր պահանջմունքների ձևավորման ու բավարարման և արդիական թեմաներով կինոծրագրերի իրականացման գործառույթները:

«Կինոաշուն» ազգային կինոյի ամիս ծրագրի նպատակը  ժամանակակից հայկական կինոարտադրության լայն տարածումն է և հայ ժամանակակից կինոյի մասին հասարակական կարծիքի ձևավորումը, արդի հայ կինոն հայ հանրության մշակութային կյանքի անքակտելի բաղկացուցիչ դարձնելը : Ծրագրի վերջնական նպատակը.  յուրաքանչյուր բնակավայրում կինուցուցադրումներ կազմակերպելուց զատ`  հիմնել նաեւ  փոքրիկ կինոմիավորներ, որոնք  հետագայում կինոցանցի առանձին բաղկացուցիչներ  կդառնան: